Բաժին. Այլ Լուրեր

Ժողովուրդ. Հայաստանում ճանապարհային պատահարների քանակն ավելացել է գրեթե 2 անգամ

«Կառավարության՝ մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյաևի հանձնարարականից հետո ճանապարհային ոստիկանու­թյունը մեղմացրել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքա­կանությունը: Միայն թե դրանից հետո հատկապես մայրաքաղաքում ճանապարհային երթևեկությունը դարձել է գրեթե անվերահսկելի: Իսկ պատահարների վիճակագրությունը պարզապես մտահոգիչ է. դրանք ավելացել են գրեթե երկու անգամ, հատկապես հունիսին: Բանն այն է, որ մայիսի 23-ին ՀՀ մի շարք բնակավայրերից, մայրաքաղաքի մի շարք փողոցներից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, և վարորդները շատ հաճախ մեքենաները վարում են, մեղմ ասած, անկանոն:

ՀՀ ՃՈ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում գրանցվել է 283 ՃՏՊ, որի արդյունքում եղել է 26-ը զոհ, 409 վիրավոր:

Մայիսին գրանցվել է 311 ՃՏՊ, 14 զոհ, 442 վիրավոր: Հունիսին ՃՏՊ-ի թիվը կտրուկ աճել է՝ դառնալով 349, զոհերի թիվը՝ 24 և վիրավորներինը՝ 541:

Մինչդեռ 2017թ. ապրիլին նույն ՃՈ-ի կողմից արձանագրվել է 264 ՃՏՊ, որից 20 զոհ, 367 վիրավոր, մայիսին ՃՏՊ-ների թիվը եղել է 269, 22 զոհ, 406 վիրավոր, հունիսին եղել է 332 ՃՏՊ, 25 զոհ, 454 վիրավոր:

Իսկ ահա հուլիսի 1-ից մինչև 11-ը ներառյալ այս տարի արձանագրվել է 169 ՃՏՊ, որից 15 զոհ, 238 վիրավոր, նախորդ տարի՝ 123 ՃՏՊ, 16 զոհ 178 վիրավոր:

Դեռ պարզ չէ՝արդյո՞ք ՃՏՊ-ների քանակը ավելացել է հենց այն վայրերում, որտեղից հանվել են արագաչափերն ու տեսանկարա­հանող սարքերը: ՃՈ-ում այս թեմայով ուսումնասիրություններ և վերլուծություններ են արվում: Բայց պաշտոնական վիճակագրու­թյամբ արձանագրված թվերը հուշում են, որ իշխանությունը պետք է որոշակի խստացնի երթևեկության կանոնների պահպանմա­նը հետևելը:

Այլընտրանքը՝ ՃՏՊ-ների, դրանց հետևանքով՝զոհերի թվի աճն է», – գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share