Բաժին. Այլ Լուրեր

Արթուր Մեսչյան. Աջափնյակում մետրոյի 2 նոր կայարան կստեղծվի

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվում է մետրոպոլիտենի նոր կայարաններ ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Մենք նախատեսում ենք նոր կայարաններ կառուցել, արդեն ծրագիրը կա: Աջափնյակում 2 կայարան է նախատեսվում ունենալ»,- նշեց Մեսչյանը և հավելեց, որ դեռևս կսահմանափակվեն ամենաստրատեգիական գծով՝ Աջափնյակը կապելով մայրաքաղաքի կենտրոնի հետ:

Նա ընդգծեց, որ հետագայում գուցե Դավիթաշեն վարչական շրջանում նույնպես կառուցվի, սակայն դա ավելի ուշ կլինի, քանի որ մեծ գումարներ են պահանջվում այդ ամենի համար:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը մայրաքաղաքի մետրոյի ցանցն է, որի կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թ., երբ շահագործման է հանձնվել Շենգավիթ-Չարբախ հատվածը: Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։

Share