Բաժին. Այլ Լուրեր

«ՀԿԵ» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախման դեպքի վերաբերյալ

Մարտի 1-ին, ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային:

Ավտոմեքենայի վարորդը չէր արձագանքում էլեկտրագնացքի վազմաթիվ զգուշացնող ձայնային ազդանշաններին: Հետագայում վարորդը բացատրեց, որ փորձում էր հատել գծերը չթույլատրված վայրում:

Արտակարգ արգելակման ժամանակ գնացքի արագությունը կազմում էր 83 կմ/ժ (տվյալ հատվածում թույլատրվող արագությունը կազմում է մինչև 90 կմ/ժ), արգելակման ուղին կազմեց 393 մետր: Չնայած արգելակմանը, բախումն անխուսափելի էր: Արդյունքում ՀԿԵ-ին հասցվել է նյութական վնաս, որի չափն այս պահին ճշտվում է:

Պատահարի կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին կրկին հիշեցնում է, որ երկաթուղին հանդիսանում է վտանգավոր գոտի և կոչ է անում լինել առավել ուշադիր և զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Անփույթ վարորդի կամ հետիոտնի համար հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել: Արտակարգ արգելակման դեպքում ուղևորատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ առավելագույնը 1 կմ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share