Բաժին. Այլ Լուրեր

«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև

Երևան քաղաքի Արշակունյաց – ­Գարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև։ «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»­ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Արշակունյաց – Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև», – գրել է Կուբատյանը։

2018 թվականի օգոստոսի 31­ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստում ներկայացվել և քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները: Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցը գործում է ծանրաբեռնված, ինչի հետևանքով օրվա որոշակի ժամերի առաջանում է դժվարանցանելիություն: Ներկայացված նախագծի բոլոր տարբերակների հիմքում անխափան երթևեկությունն ու հոսքերի բեռնաթափումն է եղել՝ միաժամանակ ապահովելով հետիոտնի անխոչընդոտ անցուդարձը:

Share