Բաժին. Այլ Լուրեր

Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը Հայաստանում նախատեսվում է հունիսին

Հայաստանում Wizz Air բյուջետային ավիաընկերության  թռիչքների ամբողջական կազմակերպումը նախատեսում է հունիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցերին:

«Հենց այսօր, մինչև ԱԺ նիստը, հեռախոսային կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,-ասաց Ավինյանը:

Անդրադառնալով Սանդիկովի հարցին, թե երբ են բացվելու պետական ցամաքային անցակետերը՝ պարետը պաստասխանեց, որ կառավարությունը դեռևս քննարկում չի ունեցել  գործընկերների հետ, սակայն կարծում է, որ մոտ ապագայում այդ հարցերին նույնպես կանդրադառնան:

Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

 

Աննա Գրիգորյան

Share