Բաժին. Այլ Լուրեր

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի ցուցանիշների զրոյացնելու կանոնները

Կորոնավիրուսի տարածման թվերը ցույց են տալիս, որ դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դեռևս մեկ ամիս առաջ կառավարությունը հրապարակել էր իր ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ ասելով, որ մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակի հետ:

«Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարում կորոնավիրուսը դեռ ներկա է լինելու: Եվ եթե հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք խնդրի առաջ: Նոր կորոնավիրուսի տարածման տեսանկյունից երկրում ստեղծվել է ծանր իրավիճակ, և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ: Այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք ըստ էության գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Եվ այս ընթացքում պարետատունը հաստատել է ոլորտային անվտանգության կանոններ: Մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն, մասնագետների հետ քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալ համոզման՝ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը: Հետևաբար, մեր գործիքակազմի մեջ այսօր հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը և մեծ հաշվով հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրորդ մեթոդը վարչական է: Որոշվել է, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն անվտանգության այդ կանոնները:

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 53 678 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98 (ավելացել է ևս 7-ով) դեպք:

Share