Բաժին. Այլ Լուրեր

«ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀԴՄ ԿՏՐՈՆ». ՌՈՔ-ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից`  ՀԴՄ-կտրոնների ներդրման  գործընթացի կայացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի պետական տիկնիկային թատրոնում կազմակերպվել է «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրով ավանդական ռոք-համերգ:
Համերգի ընթացքում մասնակիցներին և հանդիսատեսին ներկայացվել է ՀԴՄ ներդրման գործընթացի պատմությունը, ինչպես նաև կտրոնների ամենամսյա խաղարկության վիճակագրությունը: Մասնակիցներին պարբերաբար տեղեկություն է  տրվել շահած գումարների չափի ու ավտոմեքենաների քանակի վերաբերյալ, հիշեցվել նաև  վիճակահանության նոր կարգի մասին, ըստ որի, սկսած մայիս ամսից, ՀԴՄ կտրոններով խաղարակվում  է արդեն 15 ավտոմեքենա:
Համերգի ամբողջ ընթացքում  ռոքի սիրահարներին  անընդմեջ կոչ էր արվում չմոռանալ պահանջել ՀԴՄ կտրոններ ու այդպիսով ակտիվորեն  մասնակցել ՀԴՄ-ների ներդրման գործընթացին: Ի դեպ, ձևավորված ավանդույթի համաձայն, այս փառատոնի ընթացքում ևս վիճակահանություն է անցկացվել. բոլոր տոմսերի դարձերեսին նշված հատուկ համարներով ռոքի սիրահարների համար  խաղարկվել էր 2 «Yamaha» կիթառ:
Ռոք-համերգին մասնակցում էին  «Բամբիռ», «Դոգմա», «Ռոուդ մուվի», «Վոքս»և «Էվա» հայկական խմբերը: Հայկական ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանն ընդգծել է, որ ռոքը միայն բողոքի ձայն չէ, այլ ընդհակառակը` նաև ռոքի միջոցով է հնարավոր ընդլայնել ՀՀ քաղաքացիների ներգրավածությունը ՀԴՄ-ների ներդրման գործընթացում, քանի որ Հայաստանում գնալով ավելանում է ռոքի երկրպագուների թիվը:
Share