Բաժին. Այլ Լուրեր

MICROSOFT-Ը ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ. INTERNET EXPLORER-Ի ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ 49,87% Է

StatCounter հետազոտական ընկերությունը հրապարակել է բրաուզերների համաշխարհային շուկայի իր ուսումնասիրության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն Microsoft Internet Explorer-ի մասնաբաժինը բրաուզերների համաշխարհային շուկայում զգալի նվազել է և հասել բրաուզերների շուկայի պաշտոնական վիճակագրական ուսումնասիրության ողջ պատմության ընթացքում իր ամենանվազագույն մակարդակին: Այսպես, սեպտեմբեր ամսվա արդյունքներով Internet Explorer-ի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 49,87%: Նշենք, որ օգոստոսին ցուցանիշը կազմել էր 51,34%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին` 58,37%:
Սեպտեմբեր ամսվա արդյունքներով աշխարհում առավել տարածված բրաուզերների ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Mozilla Firefox-ը` իր 31,5% մասնաբաժնով (օգոստոսին ցուցանիշը կազմել էր 31,09%, նախորդ տարվա սեպտեմբերին` 31,34%):  Google Chrome-ը երրորդն է: Այս բրաուզերի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում  3,69%-ից աճել է մինչև 11,54%:
Բրաուզերների շուկայում առաջին լուրջ մրցակցությունը գրանցվել է 1990-ական թվականներին և ավարտվել շուկայից երբեմնի առաջատար Netscape-ի դուրս մղմամբ: Հետագայում շուկայի բացարձակ առաջատար դարձավ IE-ը` իր ավելի քան 90% մասնաբաժնով, որին մրցակցության հայտ ներկայացրեց Mozilla-ն` իր Firefox բրաուզերով: Այսօր արդեն շուկան գրավելու պատրաստակամությամբ ներկայանում է Google Chrome-ը:
Share