ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԲ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մայիսի 11-13-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված Հարավային Կովկասում տրանսպորտային հեռանկարների համակարգման հանդիպում, որին առաջին անգամ մասնակցել են Հարավային կովկասի երեք երկրների տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրությանն է ներկայացրել Հայաստանում իրականացվող և նախատեսվող տրանսպորտային ծրագրերն ու նախագծերը, այդ թվում` “Հյուսիս-Հարավ” ավտոմոբիլային մայրուղու,  “Հյուսիս-Հարավ” երկաթուղային կապ ստեղծելու, Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային հատվածի կառուցման, ինչպես նաև Երևան-Թբիլիսի երկաթուղային ճանապարհի կամուրջների վերակառուցման և վերանորոգման նախագծերը:

Միջազգային ֆինանսական հաստատությունները, այդ թվում` Սևծովյան առևտրի և զարգացման բանկ, Եվրոպական ներդրումային բանկ, KfW, Ասիական զարգացման բանկ, Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա, Եվրամիություն, ԵԱՀԿ, Համաշխարհային բանկ և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկ իրենց հերթին ներկայացրել են ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաև առաջիկա տարիներին իրենց կողմից գերակա ներդրումային ուղղությունները:
Այցի ընթացքում ընթացքում նախարար Մ.Վարդանյանն աշխատանքային հանդիպում ունեցել Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրվածություն են հայտնել “Հյուսիս-Հարավ” ավտոմոբիլային մայրուղու կառուցման նախագծին մասնակցության հարցում: Մասնավորապես բանկը պատրաստակամություն հայտնել սկսելու քննարկումներ` նախագծի Աշտարակ-Գյումրի հատվածի վերակառուցման համաֆինանսավորմանը` 120 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցելու մասին:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին առաջարկել է ուսումնասիրել նաև երկաթուղու շինարարության բնագավառում համագործակցության հնարավորությունները:

Նախարար Մ.Վարդանյանն առանձին հանդիպում է ունեցել նաև Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դ.Տկեշելաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրվածություն առաջացնող հարցեր, այդ թվում` միջազգային բեռնափոխադրումների դյուրացման, Վերին Լարս–Կազբեկի սահմանային կետով բեռների փոխադրման, դեպի վրացական նավահանգիստներ տանող ավտոճանապարհների շինարարության, մասնավորապես Ախալցիխե-Բաթումի հատվածի վերականգնման, ճանապարհաշինարարության բնագավառում փորձի փոխանակման, Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքի ժամանակացույցի տեխնիկական ու կազմակերպչական, Երևան-Բաթումի-Երևան միջպետական հաղորդակցության ուղևորատար արագընթաց  “Հայաստան” գնացքի նշանակման և 2010թ. ամառային շրջանին նախապատրաստվելու հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հարցերի կարգավորման, ինչպես նաեւ ճանապարհաշինարարական բնագավառում փորձի փոխանակման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր:

Մայիսի 13-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Վերին Լարս–Կազբեկի սահմանային կետ: Բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր կլինի իրականացնել հունիսի 1-ից: Ներկայումս թույլատրված է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը: Պահպանվում է նաև ձյան հոսքերի վտանգ, բացի այդ ավտոճանապարհի 12-13 կմ երկարությամբ հատվածը բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում պետք է վերանորոգվի: Անանցանելի են որոշ  թունելներ:

Share