ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` «ՍԲԵՐԲԱՆԿ»-Ի ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՈՒՄ

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային խմբի հիմնադիր և նախագահ Ռուբեն Վարդանյանը կարող է ընդգրկվել ռուսական խոշորագույն «Սբերբանկ» պետական բանկի ղեկավար կազմում: Այս մասին հաղորդում են ռուսական «Կոմերսանտ» պարբերականը` հիմք ընդունելով սեփական հավաստի աղբյուների փոխանցած տեղեկատվությունը: Նշվում է, որ նման զարգացում սպասվում է այս երկու ֆինանսական կառույցների միջև նախատեսված գործարքի վերջնական կնքումից հետո:

Հիշեցնենք, որ վերջերս «Սբերբանկ»-ը հանդես էր եկել հայտարարությամբ` հաստատելով, որ պատրաստվում է 1 մլրդ դոլարով գնել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը: Ըստ պայմանագրի պայմանների` Ռուբեն Վարդանյանը կշարունակի մնալ իր պաշտոնում` որպես «Տրոյկա Դիալոգ»-ի նախագահ, դեռևս երեք տարի: «Միևնույն ժամանակ, ըստ պայմանագրի, նախատեսվում է, որ Ռուբեն Վարդանյանը կընդգրկվի «Սբերբանկ»-ի ղեկավար կազմում», – հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները: Նշենք, որ Reuters գործակալությանը տված իր հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը չէր բացառել իրադարձությունների նման զարգացումը` նշելով, որ այս հարցի շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել:

Share