ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 10%-ՈՎ

2011 թվականի փետրվարին Ադրբեջանն արտահանման-ներմուծման գործառնություններ է իրականացրել աշխարհի 94 երկրների հետ` 2,2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ` հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի արտահանման համախառն ծավալը կազմել է 1.6 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 72,6%-ը: Միևնույն ժամանակ, ներմուծման ծավալը կազմել է 593 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականի փետրվար ամսվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9,8%-ով: Հաշվետու այս մեկ ամսում Ադրբեջանի ներմուծման ծավալներն աճել են 60,5%-ով, իսկ արտահանման ծավալները կրճատվել են 1,9%-ով:

Նշենք նաև, որ արտահանման-ներմուծման գործառնությունների առավել մեծ ծավալներ բաժին են ընկել Իտալիային,  ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին, Մալազիային, Ուկրաինային, Բուլղարիային, Թուրքիային, Չինաստանին և Գերմանիային:

2010 թվականին Ադրբեջանն արտահանման-ներմուծման գործառնություններ էր իրականացրել աշխարհի 147 երկրների հետ` 27,9 մլրդ դոլար ընդհանուր ծավալով:
Share