COMEDY CLUB PRODUCTION-Ը ԿՓՈՐՁԻ ԳՐԱՎԵԼ ՆԱԵՎ ՉԻՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

«Հումորի արտադրության» ոլորտում առաջատար ռուսական Comedy Club Production հեռուստաընկերությունն այս տարվա ամռանը կփորձի գրավել նաև չինական շուկան: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները` չինացի ներդրողների հետ արդեն իսկ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր: Նախնական ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` Comedy Club Production-ը և չինացի ներդրողները կստեղծեն համատեղ ընկերություն, որի վերահսկիչ փաթեթը կհանձնվի չինացի գործարարներին:
Չինական հեռուստատեսությունում հումորի «սահմանափակմամբ» և թույլատրելիության խնդիրներով պայմանավորված` Comedy Club Production-ը մտադիր է վաճառել իր ծրագրերն ու նախագծերը ոչ թե հեռուստաընկերություններին, այլ ինտերնետ-վիդեոծառայություններով չինական շուկայում առաջատար և հայտնի ընկերություններին: Հատկանշական է, որ չինացի ներդրողները պատրաստ են առաջիկա երկու տարիների ընթացքում Comedy Club Production-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերում ներդնել շուրջ 1.4 մլրդ դոլար:
Comedy Club Production-ը ռուսական ТНТ ժամանցային հեռուստաալիքի հիմնական «արտադրողն է»: Սկզբնապես ТНТ հեռուստաալիքով սկսվեցին ցուցադրվել Comedy Club, "Наша Russia" և մի շարք այլ նախագծեր: Այսօր արդեն Comedy Club Production-ը, իր թարմացված նախագծերի հետ միասին, «արտադրում է» «Универ» և «Интерны» սերիալները:
Սինգապուրյան «գրանցում» ունեցող Comedy Club Production Pte Ltd. ընկերության գլխավոր սեփականատերերն են Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը։
Share