ԱՄՀ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲԵԼՈՌՈՒՍԻՆ ԽՍՏԱՑՆԵԼ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) կարծում է, որ Բելոռուսի ընթացիկ հաշվի պակասուրդն անընդունելի է, և կոչ է անում այս երկրի կառավարությանը խստացնել դրամավարկային քաղաքականությունը: ԱՄՀ-ն Բելոռուսի տնտեսության մասին ամենամյա իր հաշվետվության մեջ հայտարարել է անհետաձգելի և լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնք, մասնավորապես, պետք է նպաստեն երկրում վարկավորման արագ աճին, պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, բնակարանների կառուցման ծախսերի ավելացմանը, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների արդյունքում վնասված տնտեսության վերականգնմանը:

Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Բելոռուսի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը հասել էր ՀՆԱ-ի 16 տոկոսին: Դրա հետ մեկտեղ, Բելոռուսի Ազգային Բանկն իր պահուստների մակարդակը պահպանում է արտաքին պարտքերի ու առևտրային բանկերից վերցրած վարկերի հաշվին` ցածր վարկային տոկոսադրույքի պայմաններում ազգային արժույթի իրացվելիության ապահովման փոխարեն:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, ԱՄՀ-ն հայտարարել է, որ մեղմ դրամավարկային քաղաքականությունը Մինսկում առաջացրել է ընթացիկ հաշվի պակասուրդ: «Գործում է այն ռիսկը, որ մեղմ դրամավարկային քաղաքականությունը մոտակա ապագայում անընդունելի կդառնա, և կարիք կառաջանա անհապաղ դրա մեջ ուղղումներ անել»,-ասվում է ԱՄՀ-ի հայտարարության մեջ: ԱՄՀ-ն նաև գտնում է, որ ներկայումս Բելոռուսի կառավարությունը հույս ունի լրացնել պակասուրդը արտաքին պարտքերի, պետական ակտիվների վաճառքից ստացված հասույթի և նավթի գների աճի հաշվին:
ԱՄՀ-ի աշխատակիցների գնահատմամբ` Մինսկի «գերլավատեսական» ծրագրերը 2011 թվականի քաղաքականության վերաբերյալ «չափազանց մեղմ են»: Հաշվետվությունում ասվում է, որ առանց քաղաքականության էական խստացման` Բելոռուսի արտաքին պարտքը կարող է կազմել ՀՆԱ-ի 75%-ը, իսկ պետական պարտքը 2016 թվականին կարող է աճել՝ հասնելով 29%-ի: Միևնույն ժամանակ, եթե Բելոռուսը կորցնի ֆինանսավորման աղբյուրներն, ապա պահուստները կարող են սպառվել ավելի արագ, քան սպասվում է:
Share