«ВКОНТАКТЕ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 94%-ՈՎ, ԻՍԿ «ОДНОКЛАССНИКИ»-ԻՆԸ` 47.5%-ՈՎ

2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ռուսական ինտերնետային հսկա Mail.Ru Group ընկերությունը գրանցել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Այսպես, ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Mail.Ru Group-ի հասույթն աճել է 69%-ով և կազմել 110.6 մլն դոլար, ընդ որում միայն ինտերնետ-գովազդի ոլորտում ընկերությունն ապահովել է 38 մլն դոլարի եկամուտ, իսկ օնլայն-խաղերից ստացված հասույթը գերազանցել է 32 մլն դոլարը:

Հատկանշական է, որ Mail.Ru Group-ը հրապարակել է նաև 2010 թվականի իր գործունեության ամփոփ հաշվետվությունը: Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով Mail.Ru Group ընկերությունը գրանցել է զուտ շահույթի 5.7% անկում (156.3 մլն դոլար): Միևնույն ժամանակ,  այս մեկ տարվա կտրվածքով ընկերության հասույթն աճել է 1.9 անգամ և կազմել 275.3 մլն դոլար:

Mail.Ru Group-ը, որը հանդիսանում է ռուսական խոշորագույն երկու սոցիալական կայքերի`  «ВКонтакте»-ի և «Одноклассники»-ի բաժնետեր, հրապարակել է նաև տվյալներ` այս երկու սոցիալական ցանցերի ֆինանսական հաջողությունների մասին: Եվ այսպես, 2010 թվականի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ «ВКонтакте» սոցիալական կայքի հասույթն աճել է 94%-ով և կազմել 93.8 մլն դոլար: Mail.Ru Group-ը (վերջինիս է պատկանում «ВКонтакте» սոցիալական կայքի բաժնետոմսերի 32.55%-ը) ներկայումս  «ВКонтакте»-ն գնահատում է 1.84 մլրդ դոլար:

Ռուսական մյուս տարածված սոցիալական կայքի` «Одноклассники»-ի, հասույթը 2010 թվականին աճել է 47.5%-ով և կազմել 68.9 մլն դոլար: Միևնույն ժամանակ, սոցիալական կայքի տարեկան զուտ շահույթը կազմել է 31.6 մլն դոլար` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 50%-ով: Նշենք, որ Mail.Ru Group-ը հանդիսանում է Одноклассники»-ի 100% բաժնետեր:

Share