ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԵՐԸ – 2011

Ռուսական «Финанс» ամսագիրը հրապարակել է 2011թ.-ի Ռուսաստանի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Հատկանշական է, որ 2010թ.-ի համեմատությամբ ցուցակում հայտնված հայերի թիվն աճել է 4-ով և կազմել 13: Ռուսաստանաբնակ հայազգի գործարարների ընդհանուր կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 2.71 միլիարդ դոլարով կամ 56.5%-ով և կազմել 7.51 միլիարդ դոլար:

Ըստ «Финанс»-ի` Ռուսաստանի ամենահարուստ հայ գործարարը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է: Նրա կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 502 միլիոն դոլարով և կազմել 1.1 միլիարդ դոլար: Սամվել Կարապետյանը զբաղեցնում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ցուցակի 98-րդ հորիզոնականը:

1.1-ական միլիարդ կարողություն ունեն  «Ռոսգոսստրախ» ընկերության սեփականատերեր Դանիլ և Սերգեյ Խաչատուրովները: Անցյալ տարվա համեմատ Խաչատուրովների ընդհանուր կարողությունն աճել է 620 միլիոն դոլարով: Խաչատուրով եղբայրները զբաղեցնում են ընդհանուր ցուցակի 102-րդ և 103-րդ հորիզոնականները:

1-ական միլիարդ կարողությամբ ընդհանուր ցուցակի 111-րդ և 112-րդ հորիզոնականներում են հայտնվել Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները: «Ресо» խմբի և «Ресо-гарантия» ընկերությունների սեփականատերեր եղբայրների ընդհանուր կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 440 միլիոն դոլարով:

Ընդհանուր ցուցակի 174-րդ հորիզոնականում է «Тройки Диалог» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Նրա կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 220 միլիոն դոլարով և կազմել 610 միլիոն:

«Зенит» բանկի համասեփականատեր և «Центр Капитал» լիզինգային ընկերության նախագահ Իգոր Ավանեսյանը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 275-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը կազմում է 360 միլիոն դոլար: Անցյալ տարվա համեմատ Ավանեսյանի կարողությունն աճել է 250 միլիոն դոլարով:

299-րդ հորիզոնականում է պատգամավոր և գործարար Աշոտ Եղիազարյանը: Հիշեցնենք, որ Եղիազարյանն այժմ գտնվում է հետախուզման մեջ: Եղիազարյանի կարողությունը կազմում է 320 միլիոն դոլար: 190-ական միլիոն դոլար կարողությամբ ցուցակի 430-րդ և 439-րդ հորիզոնականներն են զբաղեցրել «Централ Партнершип» ընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը և «Бородино» հոլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանը:

180-ական միլիոն դոլար կարողությամբ ցուցակի 443-րդ, 452-րդ և 454-րդ հորիզոնականներն են զբաղեցնում Վարուժան Արտենյանը (Սամվել Կարապետյանի գործընկեր), Վասպուրակ Պողոսյանը («Տաշիր» ընկերությունների խմբի անվտանգության ծառայության ղեկավար, Սամվել Կարապետյանի գործընկեր) և Արտեմ Խաչատրյանը (Sun Investments Partners ընկերության համասեփականատեր):

Share