ՄԵԿ ՕՐՈՒՄ YANDEX-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐ

Նախորդ շաբաթվա վերջում ամփոփվեց ամերիկյան NASDAQ բորսայում ռուսական ինտերնետային Yandex ընկերության իրականացրած IPO-ի (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) արդյունքները և դրամական արտահայտությամբ գնահատվեց,  թե որքան են այս գործընթացի արդյունքում աշխատել ընկերության բաժնետերերը և նաև ընկերությունը: Հետաքրքրական է, որ  IPO-ն մեծ ֆինանսական հաջողություններ է բերել նաև ընկերության աշխատակիցներին: Այսօր վերջիններս կարող են իրացնել իրենց ձեռքում գտնվող օպցիոնները` նախկին գնից զգալիորեն բարձր շուկայական արժեքով:
Նշենք, որ օպցիոնային ծրագիրը ռուսական Yandex ընկերությունում գործում է 2007 թվականից և կշարունակվի մինչև 2017 թվականը: Ըստ ընկերության պաշտոնական տվյալների` օպցիոններին «ուղղվել է» ընկերության բաժնետոմսերի 10%-ը, որոնք հնարավոր է իրացնել մաս-մաս` չորս տարիների ընթացքում: 2011 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ Yandex ընկերությունում աշխատել է 2677 մարդ, որոնց շուրջ 10%-ը մասնակցում է օպցիոնային ծրագրին: Հատկանշական է, որ ընկերության աշխատակիցները գնել են օպցիոններ` մեկ բաժնետոմսի դիմաց վճարելով միջինը 3.62 դոլար և այսօր կարող են իրացնել այդ օպցիոնները` վաճառքի օրվա վերջում բորսայական առևտրային շրջանի արդյունքում սահմանված գնով:
Այսպես, եթե ընկերության  աշխատակիցները վերջին ամիսների համար իրացման ենթակա իրենց օպցիոնները չեն իրացրել և սպասել են IPO-ին, ապա այսօր նրանք կարող են մեծ գումարներ աշխատել` վաճառելով օպցիոնները նախկին գնից մի քանի տասնյակ անգամ բարձր գնով: Ինչպես և Forbes ամսագրին տված իր հարցազրույցներից մեկում կանխատեսել էր Yandex ընկերության թոփ-մենեջեր Արկադի Վոլաժը` IPO-ի արդյունքում ընկերությունում հայտնվել են «մի քանի տասնյակ միլիոնատերեր»: Ինքը` Արկադի Վոլաժը, IPO-ի արդյունքում, ըստ որոշ աղբյուրների, աշխատել է 111.4 մլն դոլար` վաճառելով իրեն պատկանող բաժնետոմսերի մի մասը:
Share