Բաժին. Սոցիալական

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ամերիաբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ միանալով բարերար Լևոն Հայրապետյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2008 թվականին 700 զույգի համար կազմակերպված հարսանեկան նախաձեռնությանը` Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը ստանձնել է զույգերի մի մասի քավորությունը` յուրաքանչյուր զույգին մատուցելով հարսանեկան նվեր 2000 ԱՄՆ դոլարի չափով: Շարունակելով ղարաբաղյան նորաստեղծ ընտանիքների աջակցության արդեն իսկ ձևավորված ավանդույթը` նախաձեռնության մասնակիցներն իրենց սանիկների 2008թ. հոկտեմբերի 16-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխային կտրամադրեն 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար: Նման նվերի կարժանանան նաև սանիկների հետայսու ծնվելիք բոլոր երեխաները:

Ամերիաբանկն ի լրումն ներկայացված նախաձեռնության` 2010թ. դեկտեմբեր ամսին հանդես կգա ամանօրյա անակնկալով այն զույգերի համար, ովքեր երեխաների համար ստացած դրամական նվերը մեկ տարի ժամկետով ավանդ կներդնեն Ամերիաբանկում:  Սա ևս արդեն իսկ ձևավորված ավանդույթ է, քանի որ ամուսնության մեկ տարվա կապակցությամբ այս տարվա հոկտեմբեր ամսին այն զույգերը,  ովքեր նախընտրել էին իրենց հարսանեկան նվերը որպես ավանդ 1 տարով ներդնել Ամերիաբանկում, մասնակցեցին դեպի արտերկիր  ուղեգրի խաղարկությանը: Բոլոր նորապսակ ավանդատու զույգերն արժանացան կորպորատիվ նվերների, իսկ շահող զույգը, որը ԼՂՀ-ի Մարտունու շրջանից էր, արժանացել է  դեպի Եգիպտոս 11-օրյա ուղեգրի:

Նշենք նաև, որ այն ծնողները, ովքեր գումարը կներդնեն ավանդ երեխայի անունով, կապահովեն նրա ապագան` հաղթահարելով տարիների հետ մեծացող հոգսերը, ինչպես նաև հնարավորություն կստանան օգտվել ավանդի գրավով ապահովված վարկերից և տարբեր վարկային ծրագրերից` զեղչված տոկոսով:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

Share