Բաժին. Սոցիալական

"ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ"-Ը՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Երեկ` նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա առիթով, չխախտելով ավանդույթը, "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ հերթական նվիրատվությունը կազմակերպեց Հայաստանի մանկատներին: Երևանի, Դիլիջանի, Գավառի 6 մանկատների և երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների մոտ 600 սան նոր գրենական պիտույքներ, պայուսակներ, մարզական գույք ու համակարգիչներ նվեր ստացան: Գեղեցիկ անակնկալը իր շարունակությունը կունենա նաև ԼՂՀ կրթաօջախներում ու մանկապարտեզներում:
Մանկատների հին մարզագույքը համալրվեց նորով. երեխաները տրամադրված են լավ մարզվելու, որպեսզի առողջ ու ամրակազմ լինեն: Հաստատությունների սաներից շատերն այս տարի առաջին անգամ են հաճախելու դպրոց` անհանգիստ սպասումով ու հասկանալի ոգևորությամբ: Այստեղ միաժամանակ առանձնակի հպարտությամբ են պատմում, որ սաներից շատերն էլ արդեն ընդունվել են բարձրագրույն ուսումնական հաստատություններ:
Լինելով հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկը "ՀայՌուսգազարդ"-ը գիտակցում է իր պատասխանատվությունը նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման գործում: Սկսած 2001 թվականից, Ընկերությունը սոցիալական աջակցության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել մշակույթի, կրթության, սպորտի բնագավառներում: Ծրագրերն, անշուշտ, շարունակական են լինելու:
Share