Բաժին. Սոցիալական

Վիվա-ՄՏՍ. «Էլեկտրական հովիվներ»՝ մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար

Վայոց ձորի մարզում վերջին տարիներին արձանագրվել են արջերի՝ ֆերմերային տնտեսություններ ներխուժելու բազմաթիվ դեպքեր: Բերքի կորուստ են ունեցել տարբեր համայնքներ: Խնդրի լուծումը պահանջել է հավասարակշռված մոտեցում. կանխել վայրի կենդանիների մուտքը՝ չխորացնելով մարդ-բնություն հակասությունը: Մարզային կառույցներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել արդեն 15 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական կարևոր և լուրջ ծրագրեր ծավալող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Իրականացվել է ժամանակակից համակարգերի՝ «էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր:

Վայոց ձորի մարզի 5 համայնքում կենդանիների հարձակմանը ենթարկվող տարածքներն այսուհետ կհսկվեն ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող «էլեկտրական հովիվներով»:  «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Արենի, Եղեգիս, Զառիթափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքները ստացել են երկուական համակարգ: Առաջին ցանկապատը հավաքվել է Գնիշիկի տարածքում:

«Գիտեմ, որ հրաշալի հասկանում եք բնության լեզուն, և ձեր ամենօրյա աշխատանքի արդյունքն էլ մեծամասամբ կախված է բնությունից: Շատ կարևոր է առանց կենդանուն վնասելու բերք պահելը: Մեր տրամադրած էլեկտրական «հովիվները» ձեր համայնքի բնակիչներին կօգնեն այդ հարցում: Բոլորիս նպատակը բնության հետ ներդաշնակ ապրելը պետք է լինի: Հակառակ դեպքում՝ վնաս է կրելու թե՛ բնությունը, և թե՛ մարդը», – տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Էլեկտրական հովիվները» հատկապես հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Նվիրաբերված համակարգերն ունեն առավելություն. դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել 7500 քմ  տարածք և ապամոնտաժվում են՝ կարճ ժամանակահատվածում:

«Առաջին համակարգը գործարկում ենք այս մարզում, որովհետև այն ամենախոցելին է հանրապետությունում: Յուրաքանչյուր համակարգ թույլ կտա ցանկապատել 0.75 հա տարածք: Հետագայում կարող ենք ընդլայնել այս նախագիծը, քանի որ մարդ-վայրի կենդանի հակասության լուծման լավագույն տարբերակն առաջարկում են նոր տեխնոլոգիաները: Տարիներ շարունակ, մեր գլխավոր գործընկեր կազմակերպության հետ իրականացրել ենք բնապահպանական կարևոր ծրագրեր և շարունակում ենք դրանք», – ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի՝ ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլ ցանկապատի գեներատորից և հեշտ մոնտաժվող և ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից:

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am    

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share