Բաժին. Սոցիալական

Վիվա-ՄՏՍ. ավելացվել է բնակարանաշինությանը հատկացվող ներդրումը

Բնակարանաշինության ծրագրից օգտվող ընտանիքների թիվը փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Ուշադրության կենտրոնում են հանրապետության բոլոր մարզերը, սակայն հատկապես հուլիսյան դեպքերից հետո, առաջնահերթություն է տրվել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: Ծրագրին նոր թափ հաղորդելու որոշումը քննարկվել է նաև տեսազանգով՝ աշխատանքները համակարգելու համար Տավուշի մարզ մեկնած գործընկերների հետ:

«Մենք դեռ չենք վերադարձել կյանքի բնական ռիթմին, սակայն դա մեզ չի խանգարում իրականացնել մեր ծրագրերը: Գուցե փոխել ենք աշխատանքի մեթոդներն ու գործիքները, բայց` ոչ նպատակը: Ավելին, ուրախ եմ տեղեկացնել, որ այն, ինչը քննարկում էինք ավելի վաղ, իրականություն է դարձել: Մենք հնարավորինս ավելացրել ենք մեր աջակցության չափը և փոխանցել անհրաժեշտ գումարը։ Դա ավելացնում է աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը, բայց վստահ եմ, որ հաջողությամբ կեզրափակենք տարին»,-տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի ևս Վիվա-ՄՏՍ-ը զերծ չի մնացել անակնկալ մատուցելուց: Աննախադեպ ցուցանիշ է՝  ծրագիրն սկսել 37 ընտանիքի համար, ապա այն ավելացնել ու  ավարտին հասցնել 88-ով: Այս տարվա ներդրման չափն էլ բավականին մեծ է: Հուսադրող և ուրախալի է, որ կարող ենք  հանրապետության տարբեր մարզերում ապրողներին օգտակար լինել: Թեև ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս աշխատել մեծ ակտիվությամբ, սակայն ձգտելու ենք հնարավորինս լարել մեր ուժերն ու հասնել լավ արդյունքի»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տավուշի մարզի Այգեպար գյուղում բնակվող Փայտյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում նոր ընդգրկվածներից է: Կնոջը վաղաժամ կորցրած տանտերը մի նպատակ ունի. զինվորական որդու երիտասարդ ընտանիքին տեսնել ամուր տանիքի տակ: Դեռևս 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով, հաշված րոպեների ընթացքում՝ Փայտյանների տունն ավերակների է վերածվել: Ընտանիքն այժմ էլ ապրում է վարձով՝ վթարային դարձած մեկ այլ  շենքում:

«Շուրջ 35 տարի առաջ ստացած բնակարանս, որտեղ ապրել եմ կնոջս ու զավակիս հետ, 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով քանդվել է: Ժամանակավոր՝ մեկ տարի, ապրել ենք բարեկամիս բնակարանում: Հետո դարձյալ տեղափոխվել ենք այլ տներ: Արդեն 27 տարի ապրում ենք վարձով՝ վթարային շենքում, որն այս վիճակում է հայտնվել դարձյալ ռմբակոծության հետևանքով: Ամեն վայրկյան կա փլուզման վտանգ, բայց ստիպված ենք ապրել: Մեզ ձեռք մեկնած ընկերությունների աջակցությամբ գնված տունն այժմ կառուցվում է »,- ասել է տանտերը՝ Վալերիկ Փայտյանը:

Գործընկերների աջակցությամբ գնված տունն ու մեկնարկած շինարարությունը փոխել են տանտերերի տրամադրությունն ու վաղվա հանդեպ հավատը: Տարիների գործընկերներն էլ ակտիվորեն հետևում են տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ տարեվերջին ցանկալի արդյունք արձանագրելու համար: Կա այն գիտակցությունը, որ ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական խնդիր: Այգեպարում տարեվերջին մի քանի բնակարանամուտ կնշվի:

Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է ավելի քան 202 մլն դրամ։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am    

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share