Սոցիալական

«Արևագորգ»` հայրենիքի պաշտպանի համար

Երգիչ Հարութ Փամբուկչյանն իր հանգույցն է կապել Արևագորգում՝ կոչ անելով ամբողջ աշխարհի հայրերին միանալ նախաձեռնությանը «Լավ եմ զգում ինձ, որ կարողանում եմ մի հանգույց էլ ես կապեմ։ Պետք է բոլորս մեր հանգույցն ունենանք այս գորգում»,- ասել է նա։

Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում դրված դազգահին օր օրի գործվում է գորգը՝ իր մեջ հանգուցելով սեր, օրհնանք, ուժ «Ազգովի գորգ գործելու գաղափարը պատերազմից հետո եկավ, մտածեցինք ինչով աջակցենք մեր տղերքին կամ իրենց ընտանիքներին՝ միաժամանակ ամբողջ աշխարհի հայությանը իրար հետ կապելով»,- ասում է Մեգերյան կարպետ ընկերության հիմնադիր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը։   

Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։ «Արևագորգ»-ը պատրաստ լինելուց հետո, աճուրդի կհանվի։ «Արևագորգ» ստեղծվելու համար նվիրաբերած յուրաքանյուր լուման տրամադրվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանը կայքի միջոցով` www.megerian.1000plus.am։  

«Այսօր, այս նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։ Մենք մեր ստեղծման առաջին օրից (2017թ) կայուն հատուցումներ ենք տրամադրել զոհված, անհետ կորած, զինհաշմանդամություն ստացած մեր հայրենիքի պաշտպաններին»,- ասում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը։ 

Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող Արևագորգի կենտրոնում պատկերված է լինելու զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայակական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի: Գործվող Արևագորգն իր մեջ գաղտնի ծածկագիր ունի պահած, որը կամբողջանա և տեսանելի կլինի ամբողջովին գործվելուց հետո։

Share