Սոցիալական

Սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից, լողավազաններից

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:

«Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն»:

Նա հավելեց, որ սոցփաթեթը մեկ կարևոր նպատակ ունի՝ պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնել և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնել:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 55 կողմ, 24 ձեռնպահ ձայներ:

Share