Սոցիալական

Պետությունը կօգնի աշխատանք գտնել Վրաստանի 50 հազար սոցիալապես անապահով քաղաքացիների

Սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու բարեփոխման շրջանակներում կառավարությունը կօգնի 2022 թվականին աշխատանք գտնել երկրի առնվազն 50 հազար մարդու: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, երկրի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին՝ հանդես գալով Rustavi 2 հեռուստաալիքի եթերում:

Սոցիալապես անապահով քաղաքացիների մասնագիտական նախապատրաստման եւ աշխատանքի տեղավորման վերաբերյալ բարեփոխման մասին ազդարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում ավելի քան 600 հազար քաղաքացի սոցիալապես անապահով է եւ նրանցից շուրջ 200 հազարը՝ աշխատունակ, բայց չեն աշխատում՝ վախենալով կորցնել պետական նպաստը:

«2022 թվականին մենք աշխատանքի կտեղավորենք առնվազն 50 հազար մարդու: Թեեւ հավակնոտ պլանն ավելի շատ է նախատեսում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք գործընթացին միացնել սոցիալապես անապահով աշխատունակ ողջ բնակչությանը: Նրանց կարող է վարձել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորը»,-հայտարարել է Դավիթաշվիլին:

Փոխվարչապետի խոսքով՝ մասնավոր սեկտորում աշխատուժի պահանջարկը բավականին բարձր է, թեկուզ նույն այդ գյուղատնտեսության բնագավառում: Հայցորդները շատ դեպքերում հրաժարվում են աշխատել՝ վախենալով կորցնել սոցիալապես անապահովի կարգավիճակը եւ պետական նպաստը: Իսկ նոր ծրագիրը նրանց ապահովագրում է դրանից, նշել է Դավիթաշվիլին:

Օրինակ, այն քաղաքացիներին, որոնց վարձել են սեզոնային աշխատանքի համար, սեզոնի ավարտից հետո պետությունը շարունակում է սոցօգնություն վճարել: Նախաձեռնությունը օրենսդրական մակարդակով կձեւակերպվի հաջորդ տարվա սկզբին: Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրի էությունը ոչ թե բյուջետային ծախսերի խնայողությունն է, որոնք ծախվում են սոցիալական օգնության վրա, այլ դրանց ավելի ճիշտ օգտագործումը:

Share