Սոցիալական

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփում է տարին

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը ներկայում ունի 4 հազար 660 շահառու, որից 4 հազար 243-ն ավելացել է 44-օրյա պատերազմի հետևանքով և դրանից հետո: Նշված շահառուներից զոհված են 3 հազար 986-ը (հատուցումը ստանում է ընտանիքը), անհայտ բացակայող՝ 98-ը (հատուցումը ստանում է ընտանիքը), հաշմանդամություն ձեռք բերած՝ 576-ը:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը նշեց, որ հիմնադրամը կատարել է 53.6 միլիարդ դրամի հատուցում:

«Հիմնադրամը զուտ գումար վճարող կառույցն է, այն խողովակն է, որով գումարը հասնում է շահառուին: Մնացած գործընթացները տեղի են ունենում ուժային մարմիններում: Այս պահին հիմնադրամում չկա մեկ շահառուի գործ, ում տվյալներն ամբողջական ներկայացվել են ու հատուցումը չենք վճարել: Թե որքան կավելանա շահառուների թիվը, կդժվարանամ կոնկրետ ասել, սակայն մոտավոր հաշվարկներով 200-250 դեպք կարող է լինել՝ կապված 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդող զարգացումների հետ»,-ասաց Սմբատ Սաիյանը:

Հիմնադրամը տրամադրում է միանվագ 10 միլիոն դրամ զոհված ու անհետ կորածների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200 հազարից-300 հազար դրամ: Հիմնադրամը տրամադրում է միանվագ 5 միլիոն դրամ զինհաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100 հազար-200 հազար դրամ: Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինվորների սպայական կոչումով:

Share