Սոցիալական

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ամփոփիչ հաշվետվություն է ներկայացրել

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) մասնավոր կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։ 

Մինչ օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 64 միլիարդ ՀՀ դրամ, որից՝

  • 53 միլիարդը պարտադիր վճարների տեսքով,
  • 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից ։

Այս պահին ԶԱՀ-ն ունի 4,660 շահառու, որից 4,243-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում և հետո։ ԶԱՀ-ը շարունակում է իրականացնել հատուցումներ ստացվող նոր դեպքերի մասով։

Ընդհանուր 4,660 շահառուներից զոհված են 3,986-ը, անհայտ բացակայող՝ 98-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 576-ը։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը կատարել է 536 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ 

ԶԱՀ-ը տրամադրում է.

  • Միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ զոհված և անհայտ բացակայողների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200,000 – 300,000 ՀՀ դրամ:
  • Միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ զինհաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100,000 – 200,000 ՀՀ դրամ:

Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինվորի սպայական կոչումով։ 

Ի հավելումն վերը նշված ամսական վճարների, շահառուն իրավասու է ստանալ 100,000 ՀՀ դրամ ամսական լրավճար, եթե ընտանիքում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ։ 

Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։ Այս նախագծի շրջանակներում ողջ ազգով ապավեն ենք լինում այն հերոսներին և նրանց ընտանիքներին, ովքեր տվեցին իրենց ամենաթանկը հանուն մեր արժանապատիվ ապագայի և հզոր հայրենիքի։ 

 

Share