Բաժին. Սոցիալական

«Աշխարհն առանց թափոնների». Երևանի ևս 70 դպրոցներ կտեսակավորեն թափոնները

Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում վերսկսեց «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի և «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության միջև  2022 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

Ծրագիրը միտված է բարձրացնել թափոնների կառավարման համակարգերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը դպրոցականների շրջանակում: Աշակերտների մոտ թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը կարևոր նշանակություն ունի երեխա-ծնող հետադարձ կապի ձևավորման, տեղեկատվության փոխանցման, հետագայում նաև վերջիններիս մոտ վարքագծի փոփոխության տեսանկյունից։

«Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից մեկն է, և «Կոկա-Կոլա Համակարգը» իրականացնում է ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Հիմնվելով ծրագրի դրական արձագանքի և արդյունքների վրա՝ այս տարի ընդլայնում ենք ծրագրի շրջանակը և ընդգրկում ևս 70 դպրոց, որտեղ կտեղադրվեն տեսակավորման ամաններ, կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ թե՛ աշակերտների, թե ուսուցիչների համար։ Մենք մեր պարտքն ենք համարում այս կարևոր ծրագրի շրջանակում նպաստել թափոնների կայուն կառավարման մշակույթի ձևավորմանը, ինչն էլ սկսում ենք հենց դպրոցից»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը։

««Աշխարհն առանց թափոնների» ծրագրի գլխավոր նպատակը աշակերտներին և նրանց միջոցով նաև տասնյակ ընտանիքներին թափոնների տեսակավորման  գիտելիքների ուսուցանումն է: Այս նախագիծը վստահ եմ յուրօրինակ մշակույթի հիմք է դարձել: Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևան քաղաքի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում ենք շրջակա միջավայրի աղտոտումը»,-նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

«2021 թվականին «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքներն ապացուցեցին, որ թափոնների կայուն կառավարման մշակույթի ձևավորման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության կարևորության համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդի կրթական նոր  հնարավորությունների ստեղծման վրա: Ծրագրի շրջանակում իրականցվելու է նաև մրցույթ մասնակից դպրոցների միջև, որի հիմնական նպատակն է խրախուսել աշակերտներին, որպեսզի տեսակավորեն/վերամշակեն/վերաօգտագործեն առավել մեծ քանակությամբ թղթե և պլաստիկե թափոններ», – նշեց ծրագրի գործընկեր, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանը:

Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը նշեց, որ շատ կարևոր է դպրոցական բնագիտական առարկաների շրջանակներում, որպես առանձին բաղադրիչ, թափոնների կառավարման, տեսակավորման, վերամշակման մասին դասընթացների առկայությունը, որի ապացույցն են մեր դպրոցում թափոնների տեսակավորմանն ուղղված նմանատիպ  միջոցառումները։ Վերջիններս իրականացնելիս պարզվեց, որ աշակերտները շատ ժամանակ չեն կարողանում ճիշտ ընկալել և հասկանալ, թե որն է վերամշակվող, տեսակավորվող աղբ և որը վերամշակման ենթակա չէ։ Ելնելով վերոգրյալից՝ կարևորում եմ աշակերտների համար կազմակերպված էկոարշավները, որովհետև նրանք դառնում են առավել պահանջատեր և իրավագիտակից սեփական միջավայրի, բակի և հանրային վայրերում մաքրության պահպանման և վերահսկողության նկատմամբ՝ օրինակ ծառայելով ոչ միայն տարեկից, այլև ավագ սերնդի համար՝ լինելով փոքրիկ դեսպանները այս շատ կարևոր էկոարշավի։

Share