Բաժին. Սոցիալական

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԱՐԵՎՈՐԴԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երեկ` հոկտեմբերի 18-ին, Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Արևորդի» փառատոնի փակման պաշտոնական արարողությունը: Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում մեկնարկած «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը Հայաստանը արդեն երրորդ անգամ դարձրեց բնապահպանական խնդիրների քննարկման լայն հարթակ` բնապահպանության խնդիրներով հետաքրքրված անհատների ու կազմակերպությունների հնարավորություն ընձեռելով ոչ միայն գաղափարներ ու փորձ փոխանակել, այլև` միմյանց հետ համագործակցության նոր եզրեր գտնել: «Արևորդին» մեծապես կայացավ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Նշենք, որ փառատոնի ամենալուրջ ձեռքբերումն այս տարի ֆիլմերի հագեցած ծրագիրն էր. ավելի քան 70 ֆիլմ աշխարհի 30 երկրներից միաժամանակ ցուցադրվեցին Երևանի 11 կինոսրահներում: Փառատոնն ուներ 3 մրցութային ծրագիր և մեկ տեղեկատվական: Մրցութային ծրագրում ներգրավված ֆիլմերը մրցեցին Վայրի բնություն, Բնապահպանական, և Մանկապատանեկան ֆիլմեր ծրագրերում: Փառատոնն ուներ նաև առանձին տեղեկատվական ծրագիր:

«Եկեք մի պահ մտածենք, թե ինչ ենք մենք թողնում մեր երեխաներին. մեր իսկ միջամտության արդյունքում, մեր ձեռքերով ոչնչացող վայրի բնությունը: Մեր առողջությունը, հետագա սերունդների առողջությունը վտանգված է ջրի և մթնոլորտի աղտոտվածության պատճառով: Մենք պետք է հասկանանանք, և ներդնենք մեր երեխաների մեջ այն մտածողությունը, որ մարդը բնության տերը չէ, այլ լոկ մի մասնիկն է բնության, որը մեծահոգաբար իրեն կյանք է պարգևել: Փառատոնը, էկոակումբները, բնապահպանական ֆիլմերը, երթերը պատկերավոր միջոցներ են հանդիսանում, որպեսզի այս պատգամները հասնեն իրենց նշանակետին. մեծ ու փոքր հասկանան, գիտակցեն բնապահպանական խնդիրների լրջությունը և առնվազն հետ կանգնեն բնությանը վնաս պատճառող գործողություններից», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը Բնապահպանական ֆիլմեր և Վայրի բնություն մրցութային ծրագրերի հաղթողներին հանձնեց հատուկ մրցանակներ` 500-ական ԱՄՆ դոլար յուրաքանչյուրին: Բացի այդ` Մանկապատանեկան ֆիլմեր ծրագրի հաղթողը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացավ 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ տեսախցիկ:

Share