Բաժին. Սոցիալական

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

Ավարտին է մոտենում Արագածոտնի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արագածոտնի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ծրագրի շրջանակներում ավելի քան 1,800 մեծահասակներ և շուրջ 1,300 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 600 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է մոտ 600 ակնոց: Իրականացվել են մոտ  200 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, մոտ 500 երեխաների համար Արագածոտնի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ Արագածոտնի մարզում ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 5 միլիոն դրամ:  

«Մեր ընկերության առաջնային խնդիրն է հեշտացնել  հաղորդակցումը մարդկանց միջև, այդ իսկ պատճառով տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են: Շիրակի մարզի նախագծից հետո այսօր Արագածոտնում ենք, որտեղ հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հատկանշական է, որ ախտորոշված երեխաների 68%-ն ակնային զննում էին անցնում առաջին անգամ, իսկ հիվանդության առաջնային փուլում բացահայտումը միակ երաշխիքն է դրա հետագա զարգացման կանխման համար: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ և շնորհավորում ենք նրանց այս արդյունքների համար», – ասել է Orange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան

Հիշեցնենք, որ ծրագրի նախորդ փուլում, որն անցկացվել էր Շիրակի մարզում, ակնային հետազոտություն էին անցել 4200 մեծահասակներ և 1130 երեխաներ, շուրջ 640 մեծահասակներ անցել էին խորացված հետազոտություն շարժական հիվանդանոցում, տրամադրվել էր շուրջ 2000 ակնոց, իրականացվել էին շուրջ 270 վիրահատություններ և լազերային բուժումներ: Շիրակի մարզում ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:

Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է  2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դԻվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:  Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:  Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:

Share