Բաժին. Սոցիալական

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս բարեգործական ծրագրերի շրջանակներում բացվել են երկու մարզադահլիճներ Հայաստանի հարավային մարզերում` մեկը Դավիթ Բեկ գյուղում (Սյունիք), իսկ մյուսը` Մալիշկա գյուղում (Վայոց Ձոր): Երկու մարզադահլիճները, որոնք կահավորվել են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով, այժմ կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Երկու մարզադահլիճներն էլ նախատեսված են ոչ միայն դպրոցականների, այլ ամբողջ համայքնի համար, ինչը թույլ ստեղծել տարբեր սպորտային խմբակներ և միջոցառումներ:

«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին և խոցելի գյուղական համայնքներին, և սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Գիտենք, որ երկու համայնքներն էլ դրանց կարիքն ունեին, նույնիսկ ավելին. Մալիշկան ունի նշանակալից սպորտային ավանդույթներ, իսկ մարզադահլիճի առկայությունը չափազանց կարևոր է դրանք պահպանելու համար», – ասել է Orange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Ինչպես միշտ, Orange Հիմնադրամն ու “Շեն” բարեգործական կազմակերպությունը մենակ չեն եղել այս աշխատանքներն իրականացնելիս: Համայնքներն ու USAID/CHF-ն ունեցել են իրենց արժեքավոր ներդրումը, մասնավորապես վերանորոգման համար: Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 8 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Orange-ի աջակցությամբ արդեն ևս երեք մարզադահլիճներ են բացվել Հայաստանի այլ մարզերում. Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ):

Share