Բաժին. Սոցիալական

«ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2022» զեկույցն ունի բարեգործական առաքելություն

Staff.am-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, թվով արդեն վեցերորդ անգամ ներկայացնում է ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վերլուծության զեկույցը։ Ինչպես միշտ զեկույցում ներկայացված են ոչ միայն 2022թ.-ի ակտիվության ցուցանիշները, այլ նաև դիտարկված է հիմնական ցուցանիշների համեմատությունը 2021թ.-ի տվյալների հետ։

Զեկույցում արդեն երկրորդ անգամ ներառվել է աշխատաշուկայի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն, որը թույլ կտա ավելի ընդհանրական պատկեր ստանալ հայաստանյան աշխատաշուկայից։

«ՀՀ Աշխատաշուկա 2022»-ի հիմնական ենթաբաժիններն են՝

  • Ամենապահանջված մասնագիտությունները և ակտիվության դինամիկան 2022թ.-ի ընթացքում։
  • Ամենաակտիվ գործատուները և ըստ կազմակերպության գործունեության ոլորտները
  • Մարզային հաստիքների ուսումնասիրություն
  • Աշխատավարձերի ուսումնասիրություն
  • Գնաճի և իրական աշխատավարձի վերլուծություն։
  • Նեղ մասնագիտական ոլորտների ուսումնասիրություն և այլն։

Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել է ավելի քան 40,000 աշխատանքի հայտարարություն՝ 2021-2022թ.թ. ժամանակահատվածի համար։

Ի դեպ այս տարի, թիմը հանդես է եկել նոր հետաքրքիր գաղափարով:

«Այս տարի առաջին անգամ «ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 2022» զեկույցն ունի բարեգործական առաքելություն։ Այն ծավալուն աշխատանքը, որը տարվում է staff.am թիմի կողմից զեկույցը ստեղծելու համար, և այն լայն կիրառությունը, որն այն ունի արժանի է մի փոքր ուշադրության, որը կխնդրենք, որպես բարեգործություն փոխանցել «4090 Բարեգործական» հիմնադրամին «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի միջոցով։ Այն միջոցները, որոնք կհավաքվեն մեր զեկույցի օգնությամբ կուղղորդվեն 2020թ.-ի պատերազմի մասնակից և բարձր առաջադիմություն ունեցող 15 հայորդիների ուսման վարձի վճարմանը: Շնորհակալ եմ մեր կողմից հրապարակվող զեկույցների հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար և լիահույս, որ միասին կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ «4090 Բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը», նշեց staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը:

Share