Սոցիալական

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև հունիսի 30-ը

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։

Այս պահին ծրագրից օգտվում է շուրջ 59,000 շահառու. նոյեմբեր ամսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է 2 մլրդ 230 մլն դրամի անկանխիկ շրջանառություն, որի դիմաց վճարվել է շուրջ 185 մլն դրամի չափով հետվճար։

Ծրագրից կարող են օգտվել կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարում են գործարքներ։ Վերջիններիս տրամադրվում է հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում. մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Ծրագրի գործընկեր բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և Ակբա բանկը։

Share