Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում։
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 երեխա՝ Բերդ և հարակից համայնքներից։ «Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, Բերդ համայնքի ղեկավարը և այլք։
Բանախոսները միացել են հունիսմեկյան մաղթանքներին՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում կարևորելով համատեղ ջանքերի ներդրումը։ Բացի մանկական մի շարք միջոցառումներից, երեխաները, նրանց թվում՝ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամքի հաստատություններում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, առաջին անգամ նկարել են Akneye քանդակի վրա։ Աչքերն ամբողջական նկարելուց հետո, կստեղծվեն դրանց NFT տարբերակները և բարեգործական նպատակով կներկայացվեն վաճառքի։ Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։
«Սորաններ» դենդրոպարկում կազմակերպված տոնական միջոցառումն իրականացվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։