Բաժին. Սոցիալական

ՄԵԾ ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԱՐԳԵԼՈՑԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

«Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Խոսրովի անտառ» արգելոցի հարևանությամբ գտնվող բուֆերային գոտու ծառազուրկ հատվածում նախատեսում են անտառ ստեղծել:

Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունից՝ երեկ՝ ապրիլի 22-ին, մեկնարկել են անտառաստեղծման աշխատանքները. ծառատունկի շրջանակներում նախատեսված 2000 ծառերից 1000-ը տնկվել են ապրիլի 22-ին, իսկ մյուս մասը կտնկվի աշնանը:

«Խոսրովի անտառ» արգելոցին կից այս տարածքը, որը գտնվում է Ուրծաձոր համայնքում, պահպանվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Մասնավոր հատվածի կողմից կառավարվող և համակարգվող արգելոցի այս  մոդելը առաջին և առայժմ միակ նախադեպն է Հարավային Կովկասում: Ծրագիրն իրականցվում է World Land Trust կազմակերպության աջակցությամբ:

Մեծ ծառատունկին մասնակցել են տեղական և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների, հասարակական և պետական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քարոզարշավի շրջանակում SMS-ների միջոցով ծառեր նվիրաբերած անհատներ, Ուրծաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ուրծաձորի «Արևորդի» էկոակումբի սաներ, «Կանաչ դպրոց» ծրագրի անդամ աշակերտներ, լրագրողներ, տեղաբնակներ:

Բուֆերային գոտին չափազանց հարուստ բուսական և կենդանական աշխարհ ունի: Ծառատունկի հիմնական նպատակը տարածքի կենսաբազմազանության պահպանմանը նպաստելն է: Տնկվող ծառատեսակների ընտրությունը ևս իրականացվել է` հաշվի առնելով բուֆերային գոտում և հարակից անտառներում բնակվող թռչնատեսակների և կենդանատեսակների պահանջները: Ապրիլի 22-ին տնկվել են նշենիներ, սոճիներ և ընկուզենիներ:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ նախաձեռնությանը` ուղարկելով կարճ հաղորդագրություն 1059 համարին և նշելով անուն-ազգանունը կամ այն մարդու անունը, ում ցանկանում են ծառ նվիրել: Մեկ SMS-ծառի արժեքը 1000 դրամ է, ներառյալ ԱԱՀ-ն:

Ծրագիրը նախատեսված է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար:

Share