Բաժին. Սոցիալական

ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ մայիսի 12-ին Երևանում կնշվի Եվրոպայի օրը: Ավանդաբար նշվող Եվրոպայի օրը բազմաբովանդակ միջոցառումների համադրություն է, որոնց ընթացքում ներկայացվում է Եվրոպայի մշակութային բազմազանությունն ու ԵՄ-Հայաստան համագործակցությունը:

«Եվրոպայի օրը կարևոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար:  Այն նախանշում է ոչ միայն եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը, այլև խորհրդանշում է եվրոպական համընդհանուր արժեքները:  Եվրոպայի օրը տոնում ենք նաև Հայաստանում և լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները և հատկապես երիտասարդները նոր տեղեկություններ և գիտելիք կստանան Եվրամիության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը և մշակութային միջոցառումները կմեկնարկեն ժամը 15:30-ին Հյուսիսային պողոտայի Պուշկին և Աբովյան փողոցների միջև ընկած հատվածում: ԵՄ պատվիրակության աջակցությամբ իրականացվող ավելի քան 50 ծրագրեր կներկայացնեն տարբեր ոլորտներում իրագործվող աշխատանքները: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն կրթական, բնապահպանական, մարդու իրավունքների և այլ ծրագրեր: 

Եվրոպայի օրվա տոնակատարությանը միջոցառման այցելուներն ու հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան զրուցելու եվրոպական երկրների դեսպանների հետ, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերություններին առնչվող թեմաների մասին հարցեր ուղղելու նրանց:

Share