Բաժին. Սոցիալական

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

ՎիվաՍելՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ կրթության աջակցության նպատակով 4 տարի առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը ներդրում է կատարել նաև Սյունիքի մարզում գործող պետական միակ համալսարանում:

Հայաստանի հեռահողորդակցության առաջատար օպերատորը Գորիսի պետական համալսարանին տրամադրել է դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող` ուսանողների հետ հաղորդակցություն ապահովող ինտերակտիվ 2 գրատախտակ լուսարձակներով, լազերային 2 տպիչ,  «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ և ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարան: Ընկերության տրամադրած Wi-Fi կապը համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կապահովի համալսարանի գրեթե ամբողջ տարածքում:

«Մենք կարևոր ենք համարում երիտասարդների ներուժը բացահայտելու և կրթվելու նրանց իրավունքը խրախուսելու արդար մոտեցումը: Մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա գտնվելու փաստը չպետք է էական խոչընդոտ հանդիսանա գոյություն ունեցող ժամանակակից լուծումներից օգտվելու համար: Գիտելիքների զինանոցից արդյունավետ օգտվելու հարցում կարևոր դեր ունեն տեխնիկական միջոցները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի այստեղ գտնվելն ապացուցում է կարևոր այդ նպատակներին հասնելու մեր վճռականությունը»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գորիսի պետական համալսարանի հետ հեռահաղորդակցության առաջատար օպերատորի համագործակցությունը դրսևորվել է նաև ուսանողների համար կազմակերպված մասնագիտական պրակտիկայի`տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման տեսքով: Իրականացվել է նաև կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով 18 ուսանողի ուսման վարձավճարի փոխանցման ծրագիրը:

Գիտական կենտրոններից և մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա գտնվելու փաստն առավել մեծ ջանքեր է ենթադրում` ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար:  ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ, այս բուհի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան ավելի արագ ինտեգրվել ինֆորմացիոն դարի պահանջներին և ապահովել կրթական առավել արդյունավետ գործընթաց:

Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Տաթևի համալսարանով հայտնի Սյունիքը կրթության ապահովման հարցում առաքելություն ունի նաև այսօր: 45 տարի առաջ Գորիսում հիմնադրված բուհը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի հարավային տարածաշրջանում պետական միակ համալսարանը լինելու առումով: Այն բարձրագույն կրթությամբ կադրեր է պատրաստում ոչ միայն տարածաշրջանի, այլև Արցախի համար: 

Share