Սոցիալական

ռեԱրմենիա. «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը խրախուսում է գերազանց առաջադիմությամբ աշակերտներին

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի շնորհաշատ աշակերտներին խրախուսելու իր գործունեությունը շարունակելու նպատակով «ռեԱրմենիա» համագործացության հարթակում պարբերական նվիրաբերությամբ դրամահավաք է կազմակերպել։

Խրախուսական կրթաթոշակի գումարը կազմում է ամսական 20.000-ական դրամ։ Երեխաները կրթաթոշակի գումարն օգտագործում են իրենց ընտրած կրթական ծրագրերի, խմբակների և ինքնակրթության հետ կապված այլ նախաձեռնությունների վրա։ Հիմնադրամի նպատակն է կրթաթոշակ տրամադրելով ստեղծել նոր մշակույթ և ցույց տալ, որ լավ սովորելն ու ակադեմիական ձեռքբերումները կարող են խրախուսվել։ Հիմնադրամի փորձը ցույց է տալիս, որ կրթաթոշակի շահառու աշակերտները.

  • Ավելի մոտիվացված են դառնում, երբ հասկանում են, որ քրտնաջան աշխատանքն ու ակադեմիական ձեռքբերումները գնահատվում են,
  • Ավելի բարձր ինքնագնահատական են ունենում, հպարտանում են իրենց ձեռքբերումներով ու ավելի շատ են հավատում իրենց իսկ սեփական կարողություններին,
  • Վառ օրինակ են ծառայում իրենց հասակակիցներին՝ ցույց տալով, որ իրենք էլ կարող են խրախուսվել լավ սովորելու համար։

Հիմնադրամի նպատակն է աշակերտներին խրախուսելու այս ձևաչափը կիրառել նաև Հայաստանի այլ դպրոցներում (հատկապես սահմանամերձ համայնքների)։ Խրախուսելով աշակերտների ակադեմիական առաջընթացը՝ հիմնադրամն իր ներդրումն է ունենում աշակերտների ապագայում՝ վստահ լինելով, որ կրթաթոշակների շահառուները դառնալու են իրենց գործի լավ մասնագետները։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

2020-ի 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված կլինիկական դեղագետ, ԵՊԲՀ դասախոս Վահե Մելիքսեթյանի անունը կրող հիմնադրամի առաքելությունն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում:

Share