Բաժին. Սոցիալական

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՆՁՆԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեկնարկել է աշխարհի լավագույն փառատոների տասնյակում հայտնված «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Այն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:

Թարմություն, նոր խոսք, կինոարվեստի լեզուն բացահայտելու դասընթացներ և հաճելի ժամանց…. «Ոսկե ծիրանը» կինոերկրպագուներին դարձյալ նոր ասելիքով է ներկայանում: Մասնակից երկրների աշխարհագրությունը և մշակույթների բազմազանություն խոստացող փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայանում 9-րդ անգամ:

Խորհրդանշական է, որ Երևանի միջազգային կինոփառատոնի բացումն ազդարարվում է  Համո Բեկնազարյանի` «Շոր և Շորշոր» կատակերգությամբ, որը հանդիսատեսին առաջարկվում է գրական ստեղծագործության էկրանավորմամբ: Ցուցադրությունը կընթանա Վահագն Հայրապետյանի և նրա խմբի կենդանի ջազային ձևավորմամբ, ինչը մշակվել է հատուկ այս առիթով: Կինոփառատոնը պահպանել է արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այդ շարքում  նորություն է «Գիրք և կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: Նախատեսված է նաև ԱՊՀ երկրների կինոծրագիրը:

«Կինոն դեպի անծայրածիր տիեզերքը բացվող պատուհան է և մարդկային ճակատագրերի խառնարան: Արվեստի այս ճյուղը աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու ու դրա հանդեպ անսահման սեր սերմանելու մեծ առաքելություն ունի: Համոզված եմ` միջմշակութային հարթության մեջ հայկական կինեմատոգրաֆն ունի իր կարևոր խոսքը պատվով հրամցնելու և մեր երկրի վարկանիշը արժանի հարթակում ներկայացնելու դերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կինոփառատոնն ամփոփվելու է Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» («Amour») ֆիլմի մեկ բացառիկ ցուցադրությամբ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի համատեղ արտադրությամբ նկարահանված ֆիլմը կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր է: Հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուել Ռիվայի և Իզաբել Յուպերի խաղով:

Փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է կինոարվեստն իր ամբողջ գեղեցկությամբ երիտասարդությանը փոխանցելու կազմակերպիչների ջանքերը:

Share