Բաժին. Սոցիալական

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ Է ԻՍԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Երևանում հանդես եկավ իտալական հանրահայտ I Solisti Veneti նվագախումբը: Համերգը կազմակերպվել էր ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի հովանավորներն էին ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆեստա Տուր Ավիան»:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես մշակույթի բարեկամ, նպաստում է մշակութային կյանքի ակտիվացմանը, խրախուսում է համաշխարհային մշակույթի գլուխգործոցների ներկայացումը Հայաստանում և աջակցում է միջմշակութային շփումներին: Մեր հարուստ ազգային մշակույթը, եվրոպական մշակութային ընտանիքի մաս կազմելով, էլ ավելի է հարստանում միջմշակութային շփումների միջոցով: Այսօր քմահաճ հայաստանցի հանդիսատեսը հնարավորություն կստանա մեկ անգամ ևս հաղորդակցվելու իտալական մեծ մշակույթի գլուխգործոցներին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համերգը նվիրված էր մեր երկրի անկախացումից հետո Իտալիայի և Հայաստանի միջև պաշտոնական հարաբերությունների` 1992 թվականի մարտի 17-ին արձանագրության ստորագրմամբ վերահաստատմանը, ինչն ավելի է ամրապնդել երկու երկրների և ժողովուրդների բարեկամական և մշակութային կապերը:

I Solisti Veneti-ն հայտնի արվեստագետներից կազմված նվագախումբ է, որը մասնագիտացած է վենետիկյան բարոկո երաժշտության կատարման մեջ` հայտնի դիրիժոր, մաեստրո Կլաուդիո Շիմոնեի ղեկավարությամբ: Համերգի ծրագիրը, ի թիվս այլոց, ներառում էր Ռոսինիի, Վիվալդիի, Սալիերիի, Պագանինիի, Պոնկիելլիի, Վերդիի ստեղծագործությունները:

Share