Բաժին. Սոցիալական

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ 71 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարկային և մաքսային համակարգերի ավտոմատացմանն ու էլեկտրոնայնացմանը զուգահեռ կադրային ու կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում ՊԵԿ-ը կարևորում է նաև աշխատաժամանակի և աշխատատեղերի արդյունավետ բաշխածվածության խնդիրը:

«Այս առումով լուրջ միջոցառումներ  են անցկացվել ընթացիկ տարի, մասնավորապես, առաջին եռամսյակում Երևանի  հարկային տեսչությունների օպտիմալացման արդյունքում կրճատվել են 3 հարկային տեսչություններ: Արդյունքում, 125 հարկային ծառայողներ, ովքեր չեն համապատասխանել կոմիտեի պահանջներին, համաձայն աշխատանքային օրենսգրքի, ազատվել են աշխատանքից: Երկրոդ եռամսյակում տարածքային հարկային 4 տեսչություններ են վերակազմակերպվել, և, արդյունքում, 133 հարկային ծառայողներ  ազատվել են աշխատանքից», – պարզաբանել է Արմեն Ալավերդյանը:

Նա տեղեկացրել է, որ նոր հարկային ծառայողներ ընտրելիս կոմիտեն առաջնորդվում է 3 հիմնական չափանիշներով. մասնագիտական բարձր պատրաստվածություն,  համակարգչային հմտություններ և վերլուծական կարողությունների առկայություն: «Մեր անձնակազմը պետք է պատրաստ լինի և կարողանա վերլուծություններ կատարել ըստ ոլորտների, վեր հանել ռիսկերը, ինչի հիման վրա էլ կիրականացվեն հսկողական գործառույթները»,-ընդգծել է Արմեն Ալավերդյանը:

Համակարգը բարձրակարգ կադրերով համալրելու գործընթացի շրջանակում ՊԵԿ-ն մրցույթ է հայտարարել` միանգամից 71 թափուր աշխատատեղերի համար, հիմնականում տնտեսագիտական, հաշվապահական և իրավաբանական մասնագիտություններով:  Ի դեպ, թափուր աշխատատեղերի զգալի մասը բաժին  է ընկնում մարզերին:

Մրցույթին մասնակցողներն առաջիկա 25 օրերին կարող են արդեն իսկ  հայտ ներկայացնել ՊԵԿ անձնակազմի կառավարման  վարչություն:  Որպես ՊԵԿ ատեստացիոն և մրցութային հանձնաժողովի նախագահ, Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ մրցույթի արդյունքում կընտրվեն լավագույնները: 

Միաժամանակ շարունակվում է ՊԵԿ աշխատակիցների վերապատրաստման գործընթացը. այս տարի 800 տեսուչ արդեն իսկ ընդգրկված է ուսումնական գործընթացներում:

Share