Բաժին. Սոցիալական

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ «ՕՐՐԱՆԻ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ

Վանաձորում կայացել է «Օրրան-Գրիգորյան» նորակառույցի հանդիսավոր բացումը: Նորակառույց եռահարկ շենքը տեղակայված է քաղաքի սրտում և ծառայելու է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև միայնակ ու անօգնական տարեցների կարիքները հոգալուն: Այն կառուցվել է Իտալիայի ԱԳՆ դրամաշնորհային ծրագրի հաղթող CIPS ՀԿ-ի, հայազգի բարերար Գրիգոր Գրիգորյանի (Մեծ Բրիտանիա), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և մի շարք անհատ բարերարների առատաձեռն աջակցության շնորհիվ:

«Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը հիմնադրվել է 2009թ. հոկտեմբերին՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Նախքան նոր շենքի կառուցումն այն գործում էր վարձակալած փոքրիկ տարածքում: Վանաձորում  մեծ ու հարմարավետ սեփական կենտրոն ունենալու «Օրրանի» երազանքն իրականություն դարձրեցին կազմակերպության հետ համագործակցող օղակներն ու նրա կողքին գտնվող  բարերարները: Ներկայումս կենտրոնում ընդգրկված է 55 երեխա:

«Մարդկանց աչքերում երջանկություն տեսնելիս առաջացող զգացումն ամենաթանկն է, հատկապես երբ խոսքը կյանքի դժվարություններ տեսած մարդկանց մասին է: Երեխաներն միանշանակ իրավունք ունեն տանիք ունենալու, նրանք պետք է տեսնեն միայն սեր և ջերմություն, և այդ սերն ու ջերմությունը նրանց տալը նախևառաջ մեր` մեծահասակների պարտականությունն է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Օրրանի» ապահով և տաքուկ տանիքի ներքո ամենօրյա սնունդ, կրթություն, սոցիալական աջակցության և առողջապահական-հոգեբանական ծառայություններ են մատուցվում փողոցից կտրված ծայրահեղ կարիքավոր երեխաներին և միայնակ ու անօգնական տարեցներին:

Նորակառույց այս շենքում յուրաքանչյուր առավոտ տաք կերակուր կմատուցվի տարեցներին: Դպրոցական օրվա ավարտից անմիջապես հետո կենտրոն կժամանեն նաև սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները: «Օրրանը» կհոգա նրանց առողջ սննդով ապահովելու կարիքը և փորձառու, բանիմաց մանկավարժների օգնությամբ` կաջակցի հաջորդ օրվա դասերը պատրաստելու հարցում: Կենտրոնը երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու,  մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամառային  արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն: Երեխաները հետագայում ձեռք կբերեն նաև աշխատանքի տեղավորվելու հնարավորություն և կօգտվեն անհրաժեշտ մի շարք այլ ծառայություններից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Օրրանին» աջակցում է նաև ամենամյա բարեգործական ընթրիքներին կատարվող հանգանակության տեսքով: Այս տարի կայացած ամենամյա 7-րդ բարեգործական ընթրիքըի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարեց 90 միլիոն դրամի հանգանակություն, ինչպես նաև բնակարան նվիրեց կարիքավոր ընտանիքի: 

Share