Սոցիալական

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով 43 քաղաքացի է դիմել

Հայաստանում 2023-ի դրությամբ 43 քաղաքացի դիմել է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով: Օրենքում կատարվող փոփոխություններով՝ քաղաքացիներն առաջիկայում նման պահանջով պետք է դիմեն ոչ թե Առողջապահության նախարարություն, այլ Միասնական սոցիալական ծառայություն:

Ներկայումս կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների՝ ամբողջությամբ ստանալու պահանջը:

Գործող օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ցանկում ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության որոշման գործառույթ և տրամադրում է եզրակացություն:

Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թվականից: Մինչև օրս դիտվում է քաղաքացիների դիմելիության զգալի աճ: Մասնավորապես, եթե 2017-2018թթ դիմել է 2 քաղաքացի, ապա 2023 թվականին՝ 43:

Քաղաքացին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե առկա են որոշակի հիվանդություններ: Այդպիսի հիվանդությունների ցանկը սահմանել է կառավարությունը, դրանում ներառված են, օրինակ՝ չարորակ նորագոյացությունները, նյարդային համակարգի որոշ հիվանդությունները, շաքարային դիաբետը` դեկոմպենսացված փուլում և այլն:

Share