Բաժին. Սոցիալական

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 32 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Շարունակելով համագործակցությունը Հայաստանի մարզային համալսարանների հետ` Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել  Գորիսի պետական համալսարանի, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի  և ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի 32 ուսանողների:

«Երջանիկ ենք այսօր նշել, որ մեր համագործակցությունը մարզային համալսարանների հետ շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները: Մենք կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ Երևանում բնակվողները», – ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Համալսարաններից յուրաքանչյուրին Orange Հիմնադրամը փոխանցել է մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով նախատեսվում է այս ուսումնական տարվա ընթացքում տրամադրել կրթաթոշակներ ևս 6 այլ համալսարաններում:

Գորիսում Orange-ը կրթաթոշակներից բացի ներկայացել է նաև մեկ այլ նախագծով. համալսարանի ամենամարդաշատ վայրում ստեղծվել է անվճար Orange Wi-Fi ինտերնետ անկյուն ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար: Այս պահին նման անկյուններ են գործում Հայաստանի ևս 5 համալսարաններում:

Երեք համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը չի սահմանափակվում կրթաթոշակների տրամադրմամբ. բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար:

Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է անցյալ տարի: 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների:

Share