Բաժին. Սոցիալական

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է 2 ՀԱՏՈՒԿ ԿԱՅՔ՝ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ու Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ջանքերով և Orange Հիմնադրամի աջակցությամբ գործարկվել է երկու վեբկայք, որոնք նախատեսված են խուլ և վատ լսողություն ունեցող անձանց համար՝ հատուկ ժեստերի լեզվի հայերեն տարբերակով:

«Լսողության խանգարումներ ունեցող անձանց խնդիրները շատ կարևոր են Orange Հիմնադրամի համար, և մենք երջանիկ ենք աջակցել այսօրինակ նախաձեռնություններին, որոնք ավելի հեշտ ու հետաքրքիր են դարձնում մարդկանց այս խմբի կյանքը: Երկու կայքերն էլ ունեն շատ հետաքրքիր բովանդակություն լսողության խանգարումներ ունեցող անձանց համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են այս մարդկանց խնդիրներով: Ուրախ ենք տեսնել, որ ինտերնետը կարող է դրական փոփոխություններ բերել նման խնդիրներ ունեցող անձանց կյանքում», ասել է Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Կայքերից մեկը՝ www.deaflife.am-ը, ստեղծվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշխատակիցների և սաների կողմից: Այն լավագույն միջոց է խուլերի լեզուն, պատմությունն ու մշակույթը պահպանելու և ժեստերի լեզվով սերունդներին փոխանցելու, ինքնուրույն տեղեկատվություն ստանալու և լսող հասարակությանն ինտեգրվելու համար:

Մյուս կայքը՝ www.deaf.am-ը, ստեղծվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և հանդիսանում է հայերեն ժեստերի լեզվով առցանց երկխոսության յուրօրինակ տիրույթ ոչ միայն լսողության խանգարումներ ունեցող անձանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են նրանց լեզվաբանական և մշակութային առանձնահատկություններով: Այն միտված է ոչ միայն բարձրացնել հանրության իրազեկությունը, այլև խթանել լսողության խանգարում ունեցող մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը:

Ժեստերի հայերեն լեզվով կրթական, մշակութային և տեղեկատվական տեսանյութերը կբարելավեն Հայաստանում լսողության խանգարումներ ունեցող ավելի քան 3,500 անձանց դասավանդման  և ուսման արդյունավետությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների առօրյան, և կնպաստեն կրթության հավասար պայմանների ստեղծմանը: 

Share