Բաժին. Սոցիալական

ԵՎՍ 30 ՍԻՐԻԱՀԱՅ ՍՏԱՑԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

Հունվարի 17-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում շարունակվել է սիրիահայերին ՀՀ քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողությունը: ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան երեսուն նոր ՀՀ քաղաքացիներին հանձնել է իրենց անձնագրերը:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, Արշակ Փոլադյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ մազապուրծ սերնդի զավակների համար սա պատմական եւ հիշարժան իրադարձություն է, հույս հայտնելով, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը:

Դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն եւ խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:

Սիրիայում ՀՀ դեսպանությունում շարունակվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնումը եւ առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը:

Share