Բաժին. Սոցիալական

ՄԱՐՏԻ 2-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-ից 11-ը և նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան:  Բրիտանական 9 ֆիլմերը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև մարզերում:

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:

Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերի ցուցադրությունից բացի կազմակերպվելու են դասընթացներ և մրցույթներ, փառատոնը կշրջի նաև երեք մարզում` առաջին անգամ ընդգրկելով հանրապետության տարբեր անկյուններում տեղակայված զորամասերը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին ժամը 15.00-ին Մոսկվա կինոթատրոնում «Ակվարիում» ֆիլմով: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: Մարտի 2-ից 7-ը ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում (16.00-ին անգլերեն, իսկ 18.00-ին հայերեն ենթագրերով), իսկ մարտի 8-ից 10-ը Նաիրի կինոթատրոնում (14.30-ին անգլերեն, իսկ 16.30-ին հայերեն ենթագրերով): Մուտքն ազատ է:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը, միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնում է ֆիլմեր նվիրված թեմայի բարձրաձայնմանը:

Մարտին 4-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կցուցադրվի Ալֆրեդ Հիչքոքի «Կենվորը» ֆիլմը փառատոնի հետահայաց խորագրի ներքո, որից հետո տեղի կունենա քննարկում և վարպետության դասընթաց փառատոնի հյուր` կինոքննադատ Յան Հեյդն Սմիթի մասնակցությամբ: Մարտի 11-ից-15-ը ֆիլմերը կցուցադրվեն Երևանի Պետական Համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մարտի 16-ից մինչև մարտի 24-ը ֆիլմերը կցուցադրվեն Գորիսում, Աշտարակում և Հրազդանում, որից հետո մինչև ապրիլի 25-ը կներկայացվեն զորամասերում:

Մարտի 11-ին Երևանում փառատոնի փակումը տեղի կունենա ջրի սակավության խնդիրներին նվիրված հայ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տրամադրած վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Հայ ռեժիսորներն իրենց աշխատանանքերը նկարահանել են դեռ ամիսներ առաջ Բրիտանական խորհրդի հայտարարած «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի շրջանակում: «Ֆիլմ + H20» մրցույթի նպատակն է ֆիլմի միջոցով բարձրաձայնել մեր հասարակությունում առկա ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները:  Այնուհետև մրցույթի ֆիլմերը կցուցադրվեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որտեղ և Բրիտանական խորհուրդը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կպարգևատրեն լավագույնների հեղինակներին:

Share