Սոցիալական

2024-25 ուստարում «4090 Բարեգործական» հիմնադրամը կվճարի պատերազմի մասնակից 31 շահառուի ուսման վարձի 50-90%-ը

Սեպտեմբերի 7-ին AI9-ի դահլիճում տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի 2024-25 ուստարվա պատերազմի մասնակից 31 շահառուների հետ պայմանագրերի կնքման և վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։ «4090 Բարեգործական» հիմնադրամը վճարում է վերջիններիս ուսման վարձի 50-90%-ը։ Կրթավճարն անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը՝ համաձայն ԲՈՒՀ-ի տրամադրած տեղեկանքի։

Հիմնադրամի շահառուներն են 2016 թ․ և 2020 թ․ պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից և այս պահին ՀՀ-ում բնակվող ու բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող ուսանողներ։ Համաձայն պայմանագրի՝ շահառուները պարտավորվում են ապահովել միջինից բարձր ՄՈԳ և իրականացնել տարեկան 120 ժամ կամավորական աշխատանք՝ տարածելով բարության շղթան։

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է 2020 թ․ պատերազմի հետևանքով՝ նպատակ ունենալով տրամադրել կրթավճար այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները և այդպիսով կրթության միջոցով փոխել վերջիններիս կյանքի որակը։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի։ Նպատակն է պաշտպաններին կրթական ծրագրերի, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների միջոցով լիարժեք ինտեգրել հասարակության մեջ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը նշեց. «Այս տարի մենք արդեն 4-րդ անգամ ենք ընտրում պատերազմի մասնակից ուսանողների, և շահառուների թիվը 27-ից աճել է127։ Ի դեպ հիմնադրամի գործունեության սկզբից ի վեր շուրջ քսան ուսանող արդեն ավարտել է ԲՈՒՀը մեր աջակցությամբ՝ ձեռք բերելով մասնագիտություն և շատերը նաև՝ բարձր վարձատրվող աշխատանք։ Սա վկայում է մեր հիմնադրամի նվիրումի և աջակիցների վստահության մասին, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս ավելի շատ ուսանողների օգնել իրենց կրթական նպատակներին հասնելու և կյանքը կրթության շնորհիվ փոխելու ճանապարհին»։ Տնօրենը նաև հավելեց, որ այս տարի նախապատվություն տրվել է Արցախից բռնի տեղահանված ուսանողներին։

Մինչ օրս հիմնադրամի բոլոր միջոցները հավաքագրվել են Հայաստանում և արտերկրում ապրող անհատ բարերարների և սոցիալապես պատասխանատու ընկերությունների շնորհիվ։

Share