Բաժին. Սոցիալական

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա մոտակա շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ:

Եթե 2005 թվականին «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, ապա այս տարի միջոցառմանը մասնակցում է 88 թանգարան: Այսպես, 2010թ. մասնակից թանգարանների թիվը հասնում էր 40-ի, 2011թ.` 59-ի, իսկ 2012թ. թանգարանների թիվը 62-ն էր, ինչը նշանակում է, որ համաեվրոպական տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը:

Պետք է նշել, որ յուրաքանչյուր տարի ավելանում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելուների թիվը` 2011 թվականին 107 հազար էր, իսկ 2012 թվականին շուրջ 135 հազար:

«Թանգարանների գիշեր 2013» ծրագիրը կրում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսը: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում հասարակությանն անվճար, գիշերային գողտրիկ միջավայրի ներքո հաղորդակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Միջոցառման նպատակն է նաև այցելուներին ծանոթացնելու թանգարաններում տարվող ոչ ֆորմալ կրթական գործընթացներին:

«Թանգարանների գիշեր 2013»-ին մասնակցում է 88 թանգարան /ք. Երևան, ՀՀ մարզեր/: Նախորդ տարվա համեմատությամբ` թանգարանների թիվը ավելացել է 26-ով: Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիային միացել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանը, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը և Արցախի 5 թանգարան:

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև «Մի պատառիկ պատմությունից» /«A piece of the story»/ մուլտիմեդիա ծրագիրը, որին մասնակցել են եվրոպական երկրների մի շարք թանգարաններ: Ծրագրին միացել է հայաստանյան 10 թանգարան, յուրաքանչյուր թանգարան ներկայացրել է ինքնատիպ պատմություն ունեցող թանգարանային առարկա:

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 22-23-ին նախատեսվում է անցկացնել երիտասարդ թանգարանագետների գիտաժողով` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով: Այն հնարավորություն կտա ակտիվ քննարկումներ կազմակերպել ոլորտում առկա խնդիրների շուրջ:

Share