Բաժին. Սոցիալական

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԲՐԵՆԴԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Երևանի բրենդավորման նախագիծը տարածքային բրենդավորման ծավալուն և լայնամասշտաբ գործընթաց է, որի նպատակը Երևանի առանցքային գաղափարի ձևակերպումն ու մայրաքաղաքի ապագայի տեսլականի մշակումն է՝  ամրապնդված երևանյան կենսակերպի և ավանդույթների յուրահատկություններով։ Նախագծի շրջանակում մշակվելու է նաև Երևան քաղաքի արտաքին տեսքի միասնական մոտեցումը,  որը հիմք կծառայի քաղաքի ձևավորման հետագա քայլերի համար, Երևանը ճանաչելի կդարձնի արտաքին աշխարհի համար՝  համահունչ մայրաքաղաքի բնակիչների՝ Երևանի մասին ունեցած պատկերացումներին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետականի ներկայացուցիչները նշել են, որ Երևանի բրենդավորման նախագիծն իրականացվում է INSTID միջազգային ընկերության կողմից, որի ներկայացուցիչը Հայաստանում  «Մաևտիկա» բրենդինգային գործակալությունն է։ Ծրագրում ներգրավվել են INSTID ընկերության մասնագետներ, ովքեր ունեն ոլորտի նեղ մասնագիտացում և տարածքային բրենդավորման իրագործման մեծ փորձ (Լեհաստան, Լիտվա, Բելառուս, Մեծ Բրիտանիա և այլն):

Պատասխանատուների խոսքով՝  նախագծի իրականացման տարբեր փուլերում ներգրավված կլինեն հանրության տարիքային և մասնագիտական տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ ճարտարապետներ, դիզայներներ, լուսանկարիչներ, արվեստագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ, սոցիոլոգներ, մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ և այլք՝ ապահովելու համար մայրաքաղաքի բրենդավորման առավել համապարփակ, հիմնավորված գործընթաց,  և արդեն  2013թ.-ի հոկտեմբերին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում հնարավոր կլինի հանրությանը ներկայացնել Երևանի բրենդի մշակված հիմքերը։ 

Նշենք, որ մայրաքաղաքի բրենդավորմանն  ուղղված աշխատանքները մեկնարկել էին 2012թ․վերջին: Հայտարարվել էր Երևանի տուրիստական տարբերանշանի մրցույթը, որը, ըստ էության, մայրաքաղաքի բրենդավորման նախագծի նախնական փուլերից մեկն է: Նախատեսվում է, որ լավագույնը ճանաչված տարբերակները հիմք կդառնան մայրաքաղաքի բրենդի համար, իսկ դրանց հեղինակները կներառվեն բրենդավորման խմբում:

Share