Բաժին. Սոցիալական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

Հայաստանում կնշվի Եվրոպայի օրը, որին նվիրված տոնակատարությունները ներառում են մի քանի օր տևող տեղեկատվական իրադարձություններ, որոնց ընթացքում ներկայացվում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը:

Երևանում Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 16:00-ին, Հյուսիսային պողոտայի Պուշկին-Տերյան փողոցների միջև ընկած հատվածում: Ներկայացվող տեղեկատվական ցուցահանդեսին այցելուները կծանոթանան ԵՄ օժանդակությամբ իրականացվող շուրջ 70 ծրագրերի և նախագծերի, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ կրթություն, աղքատության նվազեցում, առևտուր, երիտասարդական ծրագրեր, մշակույթ, բնապահպանություն և ալն:

Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում կներկայացվեն Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռումինիան Միացյալ Թագավորությունը և Իտալիան: Կանցկացվեն ձեռքի աշխատանքեր, վարպետության դասեր, որոնք կուղեկցվեն երաժշտական և պարային համարներով: Տեղեկատվական ցուցահանդեսի մեկնարկից առաջ, նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան կլոր սեղան-քննարկմանը հանդիպել ԵՄ պետությունների դեսպանների հետ և զրուցել տարբեր թեմաների շուրջ:

Տեղեկատվական ցուցահանդեսին կներկայանա նաև Եվրոպական միության կենտրոնը՝ «Եվրամիության ավտոբուս»-ով, որը մեկնարկելու է շրջայցը Հայաստանի տարբեր համայնքներում:

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի համերգային ծրագրով: Ելույթ կունենան երաժիշտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ հյուրեր արտասահմանից՝ Գերմանիայից և Ռումինիայից: ԵՄ պատվիրակության դեսպանը կհայտարարի նաև «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթի հաղթողին, ով կստանա մրցանակը՝  դեպի Եվրոպա ուղևորության տոմսը:

Եվրոպայի օրվան նվիրված հանրային միջոցառումներից է նաև «Լույս գիշեր» ներկայացումը, որը տեղի կունենա մայիսի 24-ին, ժամը 20:00-ին Հյուսիսային պողոտայում: «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում վեց արվեստագետներ կտավի վրա կպատկերեն  Եվրոպական արժեքների մասին իրենց ընկալումները: Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում կազմակերպված  վարպետության դասի արդյունքում ստեղծված անիմացիան առաջին անգամ կցուցադրվի «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում:  Մայիսի 23-25 կանցկացվեն նաև Եվրոպական գրական հանդիպումներ ԵՄ կենտրոնում և Մետրոյի տարբեր կայարաններում:

«Եվրոպայի օրը կարևոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար: Այն նշանավորում է եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը համընդհանուր նպատակների և սկզբունքների հիման վրա՝ ապահովելու խաղաղությունը և կայունությունը Եվրոպայում: Եվրոպայի օրը տոնում ենք նաև Հայաստանում և լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները նոր տեղեկություններ և գիտելիք կստանան Եվրամիության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Հատկանշական է, որ այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև Գյումրիում՝ մայիսի 26-ին:

Share