Բաժին. Սոցիալական

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-ից 14-ը: Այս տարի ևս փառատոնի կողքին են գլխավոր հովանավոր, բաժանորդի ազատ ընտրությունը քաջալերող ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: «Ոսկե ծիրանի» համար 2013 թվականն առանձնահատուկ է` հոբելյանական: Փառատոնին կհյուրընկալվեն կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալերի» արժանացած նշանավոր կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն և Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:

Փառատոնն այս տարի  ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից (2012թ.-ին` 67 երկիր), ինչը փաստում է, որ «Ոսկե ծիրանի» հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի  մեծանում է: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ևս կներկայանա լիամետրաժ, վավերագրական և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթային ծրագրերով, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթային ծրագրով: Մրցույթային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը գնահատելու է չորս ժյուրի: «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական` Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի 2012թ.-ի «Ոսկե ծիրանի» դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի օրերին կաշխատեն նաև Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիան (ՖԻՊՐԵՍՍԻ)  և Էկումենիկ ժյուրին: Հարուստ են «Ոսկե ծիրանի» արտամրցույթային ծրագրերը: Դրանց թվում առանձնակի նշանակություն ունեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում անակնկալներ են սպասվում  համաշխարհային կինոյի վարպետներից: Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Արամ Խաչատրյանի 110, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակների առթիվ:

Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային բարձրորակ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ, նախատեսվում է իրականացնել նաև դասընթաց՝ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով: Արդյունքում՝ փառատոնի օրերին համատեղ ուժերով կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:

Share